National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.06.2023
Հակոբ Արշակյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
1 / 6

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 7-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին:

Հանդիպմանը ներկա են  եղել ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացումը, ընդգծել Հայաստանի Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ համագործակցության ընդլայնումը:

Անդրադառնալով երկկողմ գործակցությանը՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է այն հանգամանքը, որ Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերն է: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին:

«Հայաստանը մեծապես կարեւորում է ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը եւ նաեւ այն փաստը, որ Գերմանիան ԵՄ այն 6 երկրների շարքում է, որոնք Եվրոպական ներդրումային բանկի հետ միավորել են ջանքերը՝ ի շահ Հայաստանի Սյունիքի մարզի զարգացման»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը՝ բարձր գնահատելով հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցությունը:

Ներկայացնելով տարածաշրջանային մարտահրավերները՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետեւանքով 120 հազար հայ հայտնվել է փաստացի շրջափակման մեջ: ԱԺ փոխխոսնակի խոսքով Ադրբեջանի այս գործողությունները հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին եւ կոպտորեն խախտում Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը. «Պարո՛ն Ռոթ, սկզբում դա արհեստածին բնապահպանական ակցիայի բնույթ էր կրում, սակայն ապրիլի 23-ից Ադրբեջանն արդեն անցակետ է տեղադրել եւ պաշտոնապես շրջափակել Լաչինի միջանցքը»:

Հակոբ Արշակյանը խոսել է նաեւ Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների մասին. «Հույս ունենք, որ ԵՄ հանձնառությունը՝ աջակցել գերիների վերադարձին, հաջողությամբ կավարտվի»: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը չի փոփոխվում. օրեր առաջ սնունդ մատակարարելու ընթացքում առեւանգվել է երկու հայ զինծառայող, որոնց նկատմամբ Ադրբեջանում հարուցվել են կեղծ քրեական գործեր:

Ըստ Հակոբ Արշակյանի՝ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. «Մենք ջանքեր ենք գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածքների եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման եւ սահմանային անվտանգության ուղղությամբ»: ԱԺ փոխնախագահը եւս մեկ անգամ հայտարարել է՝ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների հանդեպ:

«Ցանկանում եմ Հայաստանի անունից ողջունել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման, փոխվստահության մթնոլորտի ձեւավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված Գերմանիայի ջանքերը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Կարեւորելով մեր երկրում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելության տեղակայումը՝ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ այդ որոշմանն աջակցելու կապակցությամբ:

Անդրադառնալով հունիսի 1-ին Քիշնեւում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների եւ Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հնգակողմ հանդիպմանը՝ Հակոբ Արշակյանը ողջունել է Գերմանիայի ջանքերը հայ-ադրբեջանական երկխոսության ապահովման հարցում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը փոխանցել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի ողջույնները՝ նշելով, որ վերջինս կարեւորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը ոչ միայն կառավարական, այլ նաեւ միջխորհրդարանական մակարդակում:

Միխայել Ռոթը համաձայնել է հայ խորհրդարանականների այն տեսակետի հետ, որ տարածաշրջանում պետք է կայուն խաղաղություն հաստատվի: Նա կարեւորել է թե՛ Եվրամիության, թե՛ Գերմանիայի կառավարության աջակցությունը գերիների՝ շուտափույթ հայրենիք վերադարձի ապահովման հարցում:

Ռոթը նշել է, որ մի քանի անգամ հանրայնորեն քննադատել է Լաչինի միջանցքի շրջափակումը եւ անընդունելի է համարում, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը չի հարգվում: «Կարծում եմ՝ այն պետք է անհապաղ իրագործվի, եւ միջանցքը բացվի: Հայ բնակչությունը ԼՂ-ում պետք է շարունակի ապրել անվտանգ, պետք է ապահովվի նրանց անվտանգությունը եւ իրավունքները, չհանդուրժվի որեւէ էթնիկ զտման վտանգ»,- կարծիք է հայտնել գերմանացի օրենսդիրը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am